Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով կալանավորված է ու գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, բժիշկ է խնդրել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարության քերակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը, Հակոբ Հակոբյանն ասել է, որ իրեն լավ չի զգում, սկզբում նրան զննել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը:
«Դրանից հետո նա խնդրեց նաև այլ բժշկի, բժիշկը հրավիրվել է, Հակոբ Հակոբյանը ստուգվել է նորից, ամեն ինչ նորմալ է: Նրա առողջալան վիճակը բավարար է»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին երկու ամսով կալանավորելու Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը: Հակոբ Հակոբյանը կալանավայրում է ապօրինի ձեռնարկատիրություն վարելու համար, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով: