Ուրբաթ 13-ի հետ բազմաթիվ մոգական տեսություններ են կապված, իսկ բազմաթիվ մշակույթներում այն անհաջողության օր է համարվում: Որոշ մարդիկ նշում են, որ բացասական իրադարձությունները համընկնում են ուրբաթ 13-ի հետ:
Ուրբաթ 13-ի հանդեպ վախը կոչվում է պարասկավեդեկատրիաֆոբիա (հունարեն «պարասկեւի» (Παρασκευή)՝ «ուրբաթ» եւ «դեկատրեյս» (δεκατρείς) «տասներեք» բառերից):
Իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որտեղից են ծնվել այդ օրվա հետ կապված վախերը: Մի քանի վարկած կա: Դրանցից մեկի համաձայն, Ադամն ու Եվան հենց ուրբաթ են համտեսել արգելված պտուղը: Մյուսներն էլ պնդում են, որ Կայենն Աբելին սպանել է ուրբաթ, ամսի 13-ին: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, սնապաշտությունը կապված է Խորհրդավոր Երեկոյի հետ, որին մասնակցել է 13 մարդ. Հիսուս Քրիստոսն ու նրա 12 աշակերտները: Տասներեքերորդը Հուդան է:
Միջնադարում սովորույթ կար անվճար 13-րդ հացն ավելացնել, եթե ինչ-որ մեկը 12 հատ էր վերցնում: Կաթոլիկների մոտ 13-ը սուրբ թիվ է, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսին եւ 12 առաքյալներին: