Կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում չեն վերացել: Այս մասին փետրվարի 17-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծեց, որ կոռուպցիոն ռիսկերը նվազել են:
«Կոռուպցիոն ռիսկերի նվազումը հստակ արձանագրված է և՛ տեղական, և՛ միջազգային փորձագետների և հանրային կարծիքի ուսումնասիրման արդյուքում: Կոռուպցիոն ռիսկերի նվազումը տենդենց է: Բայց վերջնական չէ, որովհետև ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք ճնշումները, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն: Ես կասկածում եմ, որ մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը հասել ենք բացարձակապես մշակույթ փոխելով: Վստահ եմ, որ սա լրատվամիջոցների, նախարարության, հասարակության համատեղ աշխատանքի արդյունքն է: Նախևառաջ վախի հետևանք է, և ոչ մտածելակերպի փոփոխության: Ցավոք, մենք դեռ չենք հասել մտածելակերպային կայուն փոփոխությունների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի համոզմամբ՝ ոչ միայն դասախոսն է մեղավոր կոռուպցիայի մեջ, այլև ուսանողը: «Քանի դեռ կա քննությունը կամ ստուգարքն այլ ճանապարհով ստանալու մեջ շահագրգիռ ուսանող, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող շատ արդյունավետ արդյունքների բերել»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ կոռուպցիայի նվազումը պետք է երկարատև փոփոխությունների և ոչ ճնշումների հետևանք լինի: