Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահից:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջից: Նամակի մեջ նշվել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ' ինձ ուղղված համակրանքի, զորակցության և բարեկամության պատգամի համար, երբ Ֆրանսիայի սիրտը հարված էր ստացել, աննկարագրելիորեն ահավոր ու սարսափելի հարձակման հետևանքով: Այս ատելի արարքի միջոցով հարձակման էր ենթարկվել պետության հեղինակությունը և ժողովրդավարությունը: Արդարև, ժողովրդավարությունը խոսքի, մտածելակերպի և ստեղծագործության ազատությունն է, միաժամանակ ժողովրդավարությունը նշանակում է բազմազանություն:
Ֆրանսիան չպետք է տեղի տա խավարամտության, և ես պետք է շարունակեմ Ֆրանսիայի անունով դրոշակակիր դառնալ թե ազգային և թե միջազգային մակարդակներում մեր հիմնական արժեքներով՝ ազատության, հանդուրժողականության, արդարության և խաղաղության:
Մեկ անգամ ևս իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեր աջակցության համար,
խնդրում եմ Ձերդ Սրբությանը' ընդունել իմ հարգանքը»: