Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը:
Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը ներկայացրեց ձեռնարկները. «Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով:
Այս ձեռնարկները շատ կարևոր են և արդիական, դրանք կարող են բավականին դյուրացնել լրագրողների աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության լուսաբանման գործում, ինչպես նաև օգտակար ուղեցույց կլինեն ուսուցիչների համար: Ուսուցիչներն ու լրագրողները հասարակության երկու ազդեցիկ խմբեր են, որոնք ձևավորում են արժեհամակարգ, սերունդներին գաղափարներ, տեսլականներ են փոխանցում: Հետևաբար, նրանց համար նախատեսված ձեռնարկները կնպաստեն Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ ներկայացմանը մի կողմից` կրտսեր սերնդին, մյուս կողմից` արդեն հասուն քաղաքացիներին: Այս գրքերի էլեկտրոնային տարբերակները շուտով կլինեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի կայքէջում»:
Оrer.am-ը ներկայացնում է շնորհանդեսը` լուսանկարներով:Հեղինակ` Անն Էքսուս