Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր փորձել է վերլուծել քաղաքական պրոցեսները և հասկանալ՝ ո՞վ է զբաղեցնելու հիմնական ընդդիմադիր ուժի թափուր տեղը,-տեղեկացնում է Orer.am-ը:
Նավասարդյանը նշում է, որ այդ տեղը կարող է զբաղեցնել ԲՀԿ-ն՝ նոր և ձևափոխված դեմքերով:
«Ես համոզված եմ՝ մոտակա ժամանակում մենք ԲՀԿ-ում կտեսենք նոր ֆորմալ առաջնորդ. ԲՀԿ-ն կփորձի ավելի հանգիստ, ավելի համբերատար ձևերով նախապատրաստվել ընտրություններին՝ շատ չջղայնացնելով իշխանություններին և իրեն ապահովագրելով տարբեր տեսակի ոտնձգություններից»,- կարծիք է հայտնում Նավասարդյանը:
Բանախոսը նշում է նաև, որ հիմնական ընդդիմության ուժի հավակնություն կարող էր ունենալ նաև ՀԱԿ-ը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չունեցավ իրավահաջորդ:
Ըստ Նավասարդյանի՝ «Հիմնադիր խորհրդարանը» ևս չի կարող լինել գլխավոր ընդդիմադիր ուժ, բայց ինչ-որ պահի կարող է իրավիճակ սրել՝ լինելով «կողքից ուժ»:
Երևանի մամուլի ակումբի նախագահը տրամաբանական է համարում այն, որ իշխանությունը կարող է փորձել իր հարմար ընդդիմություն ձևավորել, ինչը թույլ կտա հանգիստ լինել: Բայց նրա համոզմամբ՝ առկա հիմնախնդիրների պայմաններում չափավոր և զգուշավոր ընդդիմությունը չի կարող արժանանալ հասարակության վստահությանը:
Լևոն Փանոսյան