Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Անահիտ Բախշյանը նշել է, որ մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տարեցտարի ավելանում է պարգևատրվող ուսուցիչների քանակը,- հայտնում է Orer.am-ը: Ըստ Բախշյանի՝ պարգևատրման համար քաղաքապետարանը դպրոցին տրամադրել է տարեկան ավելի քան 5 միլիոն դրամ:
«Պաշտոնական կայքում ներկայացվել են հաշվետվություններ, թե որ դպրոցին որքան գումար է հատկացվում: Ինձ շատ կասկածելի ու կոռուպացված թվաց Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի պարգևատրվող ուսուցիչների քանակը, որը տարեց տարի ավելի էր աճում»,-ասաց է Բախշյանը:
Կրթության փորձագետի երկարատև ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ մեկ տարվա մեջ նույն ուսուցիչներին պարգևատրել են 2 անգամ: Ա. Բախշյանը հավելեց, որ ուսուցչին պետք է պարգևատրել, սակայն պետք է համոզված լինել, որ գումարը հենց ուսուցչի ձեռքին է հայտնվել:
«Բարև Երևան» դաշինքի անդամը հայտնեց, որ մանկավարժները պարգևատրվել են 80 հազար դրամով, սակայն երբ տիկին Բախշյանը ստուգել է այն փաստերը, թե որ ուսուցիչներն են ստացել մեկ տարվա մեջ պարգևատրումներ, պատկերը սարսափելի էր:
Պարգևատրված ուսուցիչները 65-ն էին, որոնցից 16-ը երկուական անգամ էին պարգևատրվել, իսկ 6-ը ընդհանրապես բացակայում էին դպրոցի տարիֆիկացիաների միջից:
Ըստ բանախոսի՝ ստացվում է, քաղաքապետարանը 480 հազար դրամ գոյություն չունեցող ուսուցիչների է տվել, իսկ 16 ուսուցիչ կրկնակի են պարգևատրվել: Լևոն Փանոսյան