Դեռևս 2014թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) գնել էր $1,2 մլրդ.-ի փոխարժեք՝ մանաթի չափից ավելի կայունացումը կանխելու համար: Կարճ ժամանակ անց պատկերը փոխվեց. եթե փետրվարի 20-ի դրությամբ մեկ դոլարի փոխարժեքը 0,79 մանաթ էր, ապա Ադրբեջանի ԿԲ որոշման համաձայն՝ փետրվարի 22-ի դրությամբ մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 1,05 մանաթ:
Տեղի է ունեցել ազգային արժույթի ավելի քան 33% արժեզրկում, իսկ կառավարությունն այդ ընթացքում ոչ մի պարզաբանում չի ներկայացրել:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի հայտարարությունուն նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ միջազգային տնտեսության մրցունակությունը բարձրացնելու, արտահանումը խթանելու և կայուն վճարային հաշվեկշիռ ապահովելու համար:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը նաև հայտարարել է, որ փետրվարի 16-ից մանաթի արտարժույթը փոխկապակցված է ոչ թե դոլարի, այլ դոլարից ու եվրոյից կազմված երկարժույթ զամբյուղից (եվրոպական արժույթի չափաբաժինը կազմում է 30%):
«Взгляд» կայքի տեղեկություններով՝ Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկումը, քաղաքացիների շրջանում խուճապի առիթ է հանդիսացել, քանի որ քաղաքացիները «նետվել» են առաջին անհրաժեշտության ապրանքների գնումներ իրականցնելու:
Սննդամթերքի խանութներում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են, իսկ որոշ խանութներ առհասարակ փակվել են:
Ավիատոմսերի գները ևս բարձրացել են՝ մեկ օրվա ընթացքում դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ ավիտոմսերի արժեքը 350 մանաթից բարձրացել է մինչև 470 մանաթ:
Անդրանիկ Բարսեղյան