«Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր լրագրողներին հայտնել է, որ վերջին երեք օրերին Արարատյան դաշտավայրում նվազագույն ջերմաստիճանը եղել է -2-5°C, ինչը դրական պայման է գյուղատնտեսության համար,- տեղակացնում է Orer.am-ը:
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ մարտ ամսին կանխատեսվում է նորմայից 1-2° աստիճան բարձր ջերմություն, իսկ մոտակա 10 օրում սպասվում են նորմայից մի փոքր ավելի տեղումներ: Ըստ Զ. Պետրոսյանի՝առաջիկա երկու օրում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի սկիզբն էլ կլինի ամպամած, թույլ տեղումներով և համեմատաբար բարձր ջերմաստիճանով:
Օդերևութաբանը հայտնեց, որ փետրվարի 27-28-ին հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Փետրվարի 28-ին այն կբարձրանա 1-3°C-ով: Եթե երեկ Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 11-12°C, ապա փետրվարի 28-ին այն կհասնի 14-15°C-ի, իսկ մարտի 1-ից այն կսկսի նվազել:
«Այս տարի փետրվարին Հայաստանի շրջանների հիմնական մասում ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2°, սակայն Արարատյան դաշտում այն կազմել է 4-5°C»,- եզրափակել է Զարուհի Պետրոսյանը:
Լևոն Փանոսյան