Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` օրերս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ «եռյակն» ուներ մշակված տարբերականեր, թե իշխանության ճնշումների դեպքում ինչպես պետք էր վարվել եւ հակադարձել հակաընդդիմադիր ուժերին` հանդիպելով ՀՀ նախագահի հետ:
Հետաքրքիր փաստ է, չնայած նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը թեպետ ռուսաստանյան հորդորներով ու միջամտությամբ գնաց իշխանությունների հետ հաշտվելուն, այնուամենայնիվ, նա դա արեց միայնակ, իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը դավաճանեց «եռյակին», Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, ով սակայն նշեց.
«Նման բան չի եղել, ես խոսել եմ Ռուբեն Հակոբյանի հետ ու նա ինձ ասել է, որ տարածված տեղեկատվությունը սխալ է, նա նման բան չի ասել: Վերջին հաշվով «եռյակում» տվյալ թեմայի շուրջ քննարկում չի էլ եղել»,- նշեց պատգամավորը:
Թեպետ պարոն Մանուկյանը նշում է, թե իշխանությանը հակահարված հասցնելու մասին խոսք անգամ չի գնացել, բայց փաստը մնում է փաստ, որ մեզ հետ զրույցում եւս Ռուբիկ Հակոբյանը պնդում էր քաղաքական «եռյակի» կողմից նախապես մշակված ծրագրերի մասին, որոնց փակագծերը նա այդպես էլ չցանկացավ բացել:
Սոսե Չանդոյան