«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել այն ռեզիդենտ կամզակերպությունների համար, որոնք արտահանում են իրականացնում:
Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Տարիներ շարունակ մեր արտադրողները, արտահանողները բողոքել են, որ իրենք ի վիճակի են արտադրել ավելի շատ, սակայն ունեն շուկայի խնդիր, իսկ հարկային դաշտում չկան արտոնություններ, որոնք վերաբերում են արտահանմանը՝ բացի Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափից: Եվ այսօր մենք այդ պայմանները ստեղծում ենք, իսկ նպատակն այն է, որ մեր երկրում գործող ռեզիդենտ կազմակերպությունները կարողանան օգտվել այդ արտոնություններից»,- նշեց Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը նպաստելու է Հայաստանից արտահանման ծավալների ավելացմանը: «Նախագծի ընդունումն, անշուշտ, նպաստելու է արտահանման ծավալների արտահանմանը: Դուք ինքներդ դա կտեսնեք»,- շեշտեց պատգամավորը: