Օրական երկար ժամանակ նստած անցկացնելը վնասակար է ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ սրտի համար: Նստած մնալու ամեն ժամը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այս մասին են պատմում Վիսկոնսինի բժշկական քոլեջի գիտնականները:
Ընդ որում՝ ինչպես նշում են մասնագետները, մարզասրահ այցելելը չի օգնի հատուցել այս ռիսկն ու չի հատուցի նաեւ պատճառված վնասը, քանի որ ցանկացած մարզման դրական արդյունքը զրոյացվում է նստած մնալուց մի քանի ժամ հետո:
Գիտնականներն այս եզրակացության են եկել 50 տարեկան 2000 չափահաս մարդկանց ֆիզիկական ակտիվության տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նրանք ուսումնասիրել են նստած դիրքում անցկացրած ժամերի ու անոթներում նստվածքների հարաբերակցությունը: Հիշեցնենք, որ այդ նստվածքները սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության մասին են խոսում: Պարզվեց, որ չափահաս մարդիկ օրական 2-12 ժամ նստած են անցկացնում օֆիսում, իսկ այնուհետեւ նստում են հեռուստացույցի առջեւ: Գիտնականներն եկան այն եզրակացության, որ նստած դիրքում անցկացրած ամեն մի ժամը բարձրացնում է ինսուլտի կամ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը 14 տոկոսով: Ամեն օր մարզասրահ այցելող եւ ակտիվ ֆիզիկական կյանքով ապրող մարդկանց մոտ այդ հավանականությունն ավելի ցածր էր:
Մասնագետները հորդորում են օֆիսային աշխատողներին ավելի քիչ նստած մնալ եւ դուրս գալ զբոսանքի ժամը մեկ: Նրանք խորհուրդ են տալիս նաեւ աշխատանքի ընթացքում գործընկերների հետ շփվել ոչ թե հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով, այլ այցելել նրանց աշխատասենյակներ, ինչը նստած չմնալու լրացուցիչ հնարավորություն է տրամադրում: