Մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են հզոր ոգու համեմատությամբ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ.
«Սիրելի՛ արցախցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի ժողովրդի պատմական ընտրությունն այլևս անշրջելի իրականություն է: Ողջ հայության աջակցությամբ, և առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիվ, ինչպես նաև մեծագույն զոհողությունների գնով դուք ստեղծեցիք և կայացրիք պետականություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով: Ժողովրդավարության խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպես նաև տնտեսական աճի տեմպերը ԼՂՀ-ում տպավորում են ոչ միայն մեզ: Արցախը և՛ իրեն, և՛ աշխարհին արդեն ապացուցել է, որ կայացած և ծաղկուն պետություն լինելու համար ունի հզոր քաղաքակրթական պաշար:
Մեզ պարտադրված պատերազմը և սահմանների երկայնքով իրականացվող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզոր ոգու համեմատությամբ, որ առաջնորդում է արցախցուն և ողջ հայությանը:
Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դեպի ազատամարտ և այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դեպի արարում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք և առաջընթաց»: