Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ ու ոստիկանության հետ բախումներ։ Հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ դեռահասի մահվան տարելիցին, ով դարձել էր Ստամբուլում հակակառավարական ցույցերի պատահական զոհ։ Այս մասին հայտնում է euronews-ը։
Ստամբուլում հիշատակի ակցիայի մասնակիցները պահանջել են պատժել մեղավորներին։
15-ամյա Բերքին Էլվանը, ով դուրս էր եկել հաց գնելու, գլխի ծանր վնասվածքներ էր ստացել ոստիկանների կողմից արձակված գազային նռնակի պայթեցման հետևանքով։ Դեռահասը 9 ամիս անցկացրել է կոմայի մեջ և մահացել անցած տարվա մարտի 11-ին։ Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել տղայի մահվան համար։
Ցույցերի ժամանակ ոստիկանությունն Անկարայում և Ստամբուլում ձերբակալություններ է կատարել։
Նշվում է, որ Անկարայում բազմությանը ցրելու համար իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ։