Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որը Ռուսաստանին կոչ է անում Մոսկվայի կենտրոնում փետրվարի 27-ին սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության անկախ միջազգային հետաքննություն կատարել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«(Եվրախորհրդարանը) խնդրում է այդ սպանության անկախ միջազգային հետաքննություն կատարել և այն կարծիքին է, որ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կարող են օգնել անկողմնակալ և արդար հետաքննություն ապահովել»,- ասվում է բանաձևի տեքստում:
Բանաձևում նաև նշվում է, որ «այդ սպանությունը քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների և կասկածելի մահերի աճող թվից մեկն է, որոնք Ռուսաստանում գրանցվում են 1998 թվականից ի վեր»: Նշվում է, որ «ռուսական իշխանությունների ստեղծած մթնոլորտը հող է պատրաստել նման սպանությունների, բռնության և ճնշման համար», նաև ասվում է, որ «Ռուսաստանի և ԵՄ-ի ռազմավարական շահերից է բխում լարվածությունն արագորեն նվազեցնելը և նորմալ հարաբերությունները վերականգնելը դիվանագիտության և միջնորդության ճանապարհով»: