ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և համաշխարհային կազմակերպության գլխավոր գործակալությունների ղեկավարները համացանցի օգտատերերին հրավիրել են մասնակցելու նոր արշավի՝ Սիրիայում արյունահեղ հակամարտության 4-րդ տարելիցի կապակցությամբ: Ակցիան ստացել է «Ի՞նչ պետք է անել» անվանումը և անցկացվում է Facebook, Twitter և Instagram սոցցանցերում՝ հաղորդում է TASS-ը:
Դրան միանալու համար բավական է միայն լուսանկարվել՝ ձեռքին «Ի՞նչ պետք է անել» մակագրությամբ պաստառ, և լուսանկարը հրապարակել սոցցանցերից մեկում՝ #WhatDoesItTake հեշթեգով և սիրիացի ժողովրդի հետ համերաշխության կարճ ուղերձով:
Առաջին նման հաղորդագրությունները հայտնվել են Twitter-ում ՄԱԿ-ի պաշտոնական միկրոբլոգում. «Սարսափելի տառապանքները շարունակվում են արդեն 4 տարի: Ի՞նչ պետք է անել՝ Սիրիայում բռնությանը վերջ դնելու համար»: Նման պաստառներով իրենց լուսանկարները հրապարակել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մարդասիրական հարցերով նրա տեղակալ Վալերի Ամոսը և այլք: