Մարտի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ շահարկելու եւ ընտրովի կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։