Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը:
«Ստատուս-քվոն անընդունելի է, և բանակցությունների կարևոր նպատակը խաղաղ կարգավորման հասնելն է: ԵՄ-ն խթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը, այդ թվում՝ նախագահների մակարդակով»,- ասաց Հանը՝ կոչ անելով կողմերին հարգել հրադադարի ռեժիմը, հայտարարություններում և գործողություններում զսպվածություն դրսևորել և ստեղծել հակամարտության կարգավորման անհրաժեշտ մթնոլորտ:
Մարտի 18-ին Երևանում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի բանակցությունները: Այցի շրջանակում Երևանում անցկացվող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում Հանը նաև ելույթ է ունեցել: