Դավիթ Թադևոսյան. «Ես ինձ դերասան եմ համարում»
Lifestyle
Անկեղծ խոստովանություն: Շատ ուրախ եմ, որ սերիալները շարունակում են նկարահանվել: Ամբողջ աշխարհում դա նորմալ է, որ հեռուստահաղորդումների կողքին կան նաև սերիալներ, որոնք շատ տնային տնտեսուհիների համար հետաքրքիր ժամանցի տեսակ են: Իհարկե, գնալով այս ոլորտում ես տեսնում եմ առաջընթաց, և գնալով մեր սերիալներն ավելի որակով են դառնում: Ակնհայտ է, որ այն, ինչ նոր է լինում, մարդիկ միանգամից քննադատում են, գտնում թերություններն ու ասում այդ մասին: Բայց պետք է նկատել, որ մենք շատ արագ տեմպով առաջ ենք գնում, և ամեն սերիայից հետո ես նկատում եմ, որ փոխվում են դերասանների խաղը, ռեժիսորական հնարքները և այլն:
Իմ կերպարները: Ես ինձ դերասան եմ համարում, ու կապ չունի, թե դա կլինի թատրոնում, կինոյում, թե սերիալում: Ես փորձում եմ՝ մշտապես իմ առջև դրված հանձնարարությունը լավ կատարեմ և լավ խաղամ, ինչն ամենակարևորն է: Գիտե՞ք, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք անդադար քննադատում են սերիալները` համարելով անորակ և այլն: Կարծում եմ, որ կարելի է այդ ամենի մեջ տեսնել նաև լավը, նկատել, որ փոփոխություններ կան, և, որ ամենակարևորն է, մենք այսօր ունենք հաջողված ու սերիալային լավ դերասաններ, որոնք իսկապես լավ դերասանական խաղ են ցույց տալիս: Այսօր չեն նկարահանվում այնքան ֆիլմեր, որ մենք դուրս գանք սերիալներից և մեզ նվիրենք միայն ֆիլմերում նկարահանվելուն: Իհարկե, շատ կուզեի, որ այդպես լիներ: