Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացում կբեմադրվի Յելի համալսարանում
ՄշակույթԱՄՆ ամենահին համալսարանական թատրոններից «Յելի դրամատիկական ասոցիացիան» ներկայացում կբեմադրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Մասիս փոստը», «Էրմենի» վերտառությամբ թատերական բեմականացումը կներկայացվի մարտի 26-ից 28-ը: Այն պատմում է Անի անունով ամերիկահայ ուսանողուղու մասին, ով հանդիպում է թուրք երիտասարդի:
Սյուժեն այն մասին է, թե ինչպես է աղջիկը իր թուրք ընկերոջը ներկայացնում ընտանիքին և ինչպես է այն և հատկապես հերոսուհու տատիկը արձագանքում այդ իրողությանը: Բեմադրությունը գրել է Յելի համալսարանի ավագ կուրսի ուսանող Էրիկ Սիրակյանը, ռեժիսորն է Յելի համալսարանի ավագ կուրսի ուսանող Նոամ Շապիրոն, պրոդյուսրը' երկրորդ կուրսի ուսանող Ջիլ Քարերան:
Նոամ Շապիրոնի բեմադրությունը հարցեր է բարձրացնում պատմության, ինքնության, և հիշողության մասին: Բացի այդ, ամերիկյան հեղինակավոր Յելի համալսարանի գրադարանում քննարկում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ: