Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից. Կոմանդոսը
ՀասարակությունՀայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության բարձր մակարդակը գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը' Կոմանդոսը, պայմանավորում է Թուրքիայի գործոնով և հավելում, որ մինչև ապրիլի 24-ը սահմանին լարվածությունն ավելի ու ավելի կբարձրանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կոմանդոսը շեշտում է, որ թուրքական քարոզչությունն Ադրբեջանում շատ մեծ է ու Ադրբեջանի միջոցով Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից:
«Դրա մասին գիտեն Հայաստանի ղեկավարները, գիտեն նաև ինչպես կանխարգելել այդ սադրանքները: Մինչև ապրիլի 24-ը ադրբեջանական սադրանքները կշատանան, սակայն դրանք չեն հանգեցնի լայնածավալ պատերազմի»,- ասաց Կոմանդոսը' հավելելով, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի, կողմերը կտուժեն, սակայն Ադրբեջանը, որպես պետություն, երկրի երեսից կվերանա: Դա Կոմանդոսը պայմանավորում է Արցախի աշխարհագրական դիրքով' հավելելով, որ Ղարաբաղը պատահականորեն չի ստացել Լեռնային անվանումը: «Ադրբեջանը կարող է արձակել 100 հրթիռ, սակայն դրանց պատճառած վնասն ավելի քիչ կլինի, քան եթե Արցախից արձակվի 10 հրթիռ հատուկ նշանակության կետերի վրա, ինչը կարող է Ադրբեջանին որպես պետություն բնաջնջել երկրի երեսից»,- ասաց Կոմանդոսը' հավելելով, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ մասին գիտի: