«Գնումների աջակցման կենտրոն»-ի կայքի վատ աշխատանքի պատճառով պետական գնումների մրցույթները չեղյալ են հայտարարվել
ՀասարակությունԶարմանալի է, որ 21-րդ դարում ՀՀ պետական մարմինները շարունակում են պահել տեղեկատվական միջոցներ, որոնք ավելի հարիր էին 20-րդ դարում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Մասնավորապես` «Գնումների աջակցման կենտրոն» գործակալության պաշտոնական կայքը` http://www.armeps.am/epps/home.do-ը, շարունակում է աշխատել այնպիսի խճճվածությամբ և տեխնոլոգիական հնացած ծրագրերով, ինչպիսին 21-րդ դարի քաղաքացին չի կարող տեսնել նույնիսկ ամենավատ երազում:
Սա դեռ խնդրի մի փոքր մասն է, սույն պետական մարմնի, ասես, նախնադարյան ծրագրով գրված պաշտոնական կայքի աշխատանքը հաճախ է խափանվում` քաոսային վիճակ ստեղծելով այն տնտեսվարողների մոտ, ովքեր հենց այդ կայքի միջոցով են մասնակցում պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին (հայտնի է, որ այդ մրցույթներն իրականացվում են բացառապես այդ կայքի միջոցով): Տարիներ շարունակ մասնագետներն ու տնտեսվարողները խնդրում են փոխել կայքի ծրագիրը, բայց ձայն բարբառո հանապատի...
Orer.am-ին հայտնի դարձավ, որ սույն թվականի մարտի 20-ին կայքի աշխատանքը կրկին ամբողջովին դադարել է, ինչի պատճառով այդ օրը հայտարարված բոլոր տենդերները չեղյալ են հայտարարվել: Թերևս ժամանակն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում պետական մարմինների պաշտոնական կայքերը և հենց իրենք` պետական մարմինները, իրենց աշխատանքով դադարեն քայքայել մարդկանց նյարդերը: