Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
ՄշակույթՄարտի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը:
Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցեց ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին: Միջոցառմանը մասնակցեցին նաև Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Սենեգալի պատվիրակությունները:
Նույն օրը' երեկոյան, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի և Ուրուգվայի մասնակցությամբ:
Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործության բեմադրությունը:Միջոցառումներին զուգորդեց մասնակից երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողությունը, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը: