Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատերական գործիչներին աջակցելու իր քաղաքականությունը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Թատերարվեստի հարգելի գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում թատրոնն առանձնահատուկ տեղ է ունեցել մեր ժողովրդի մշակութային կյանքում: Դարերի խորքից եկող ավանդույթներով թատրոնի հայկական դպրոցն իր բազմաթիվ տաղանդավոր ներկայացուցիչների շնորհիվ զգալի ավանդ է բերել նաև համաշխարհային բեմարվեստի զարգացմանը: Մեր տաղանդաշատ արվեստագետներն այսօր էլ, շարունակելով լավագույն ավանդույթները, ստեղծում են նոր արժեքներ՝ թարմ լիցք հաղորդելով մեր մշակութային կյանքին: Դուք ձեր անուրանալի ավանդն ունեք նաև սերունդների դաստիարակության գործում. իմ խորին համոզմամբ' թատրոն հաճախող երեխան, պատանին, քաղաքացին չի՛ կարող լավ մարդ չլինել, չի՛ կարող չսիրել հայրենիքը, հարազատ քաղաքը:
Հարգելի բարեկամներ,
Գնահատելով ձեր ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում' ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է թատրոնին ու թատերական գործիչներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը և անելու է հնարավորը, որ բեմարվեստի մարդիկ իրենց հնարավորին հարմարավետ ու լավ զգան մեր քաղաքում:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում բոլորիդ»: