Քաղքենիացում՝ 100-ամյակին ընդառաջ
ՎերլուծականՑեղասպանության 100-ամյակն արժեզրկել և հարամել ցանկացողներին կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խումբը Թուրքիայի նախագահ Էրդողանն է իր թիմով: Վերջինս իր՝ Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված տխմար նախաձեռնությամբ փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Երևանում կայանալիք 100-ամյա տարելիցի միջոցառումներից: Սակայն դա նրան չի հաջողվում:
Երկրորդ խումբը «Հիմնադիր խորհրդարանն է»՝ իր մոլեռանդ համակիրներով:
Վերջիններիս անհեթեթ ծրագրերը, կարծես թե, նույն նպատակն են հետապնդում, ինչ Էրդողանինը, սակայն ի տարբերություն Էրդողանի անպտուղ մտքերի՝ «Հիմնադիր խորհրդարանը» 100-ամյակը մասամբ հարամելու նախադրյալներ, կարծես թե, ունի, և նրա անդամներն ու մոլեռանդ համակիրներն այդ ուղղությամբ ջանք չեն խնայում:
Երրորդ խումբը թեպետ քաղաքականցված չէ, սակայն 100-ամյակը երկրորդ խմբից ոչ պակաս է արժեզրկում: Այս խումբն անմոռուկներով զարդերի բիզնեսով զբաղվողներն են, ինչպես նաև այդ անճաշակ զարդերով իրենց կողմից ղեկավարվող դպրոցները և այլ հաստատությունները զարդարող տնօրեններն ու այլ ղեկավարները:
Այս խումբը, քանի որ քաղաքականացված չէ, նախորդներից ավելի վտանգավոր է. չունենալով խոչընդոտներ՝ հանգիստ կերպով տարածում է քաղքենիությունը՝ միաժամանակ մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հարգելը վերածելով իրենց համար շահավետ բիզնեսի: Այսպիսով` 100-ամյակը հարամել ցանկացողներն իրականում բավականին շատ են. պարզապես մի մասը դա անում է գիտակցաբար, մյուս մասն էլ ուղղակի սեփական քաղքենիության և անճաշակության զոհն է, և բնական է՝ չի գիտակցում իր արածի բացասական ազդեցությունը:
Ցավալի է, իհրակե, որ էվոլյուցիոն գործընթացը որոշ մարդկանց դեպքում կարծես թե դեպի հակառակ ուղղությամբ է գնում՝ դեպի քաղքենիացում:
Կարեն Վարդանյան