Բաքվի զորամասում զինվորը գնդակահարել է անզեն քաղաքացուն
ՀասարակությունՄարտի 31-ի կեսօրին Բաքվի Զիրա ավանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Զորամասի տարածքում ծնեբեկ հավաքող Խազարի շրջանի 47-ամյա բնակիչ Զաֆեր Շահվերդիևը գնդակահարվել է այդտեղ ծառայող զինծառայողի կողմից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ միջադեպի ժամանակ Զ. Շահվերդիևի մոտ են եղել նաև նրա հորեղբորորդի Յավեր Շահվերդիևը և մերձավոր Էլնուր Շիրինովը:
Նկատելով ծնեբեկ հավաքող քաղաքացիական անձանց՝ զինծառայողը նրանց հրամայել է պառկել: Զ. Շահվերդիևը չի պառկել, զինծառայողը գնդակահարել է նրան: Վիրավոր քաղաքացուն թողնելով միջադեպի վայրում՝ զինծառայողը մյուս երկուսին տարել է զորամաս: Քաղաքացիների այն զգուշացումներին, որ Զ. Շահվերդիևն արյունաքամ է լինում, անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել, զորամասի հրամանատարությունն անտարբերություն է ցուցաբերել: Նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը և բաց թողել:
Հետո հայտնի է դարձել, որ Զ. Շահվերդիևը տարվել է Զիրայի հիվանդանոցներից մեկը: Հայտնի չէ, թե վիրավոր քաղաքացուն ով է հասցրել հիվանդանոց: Շատ արյուն կորցրած լինելու պատճառով բժիշկները որոշել են նրան տեղափոխել Սաբունչիի մասնագիտացված հիվանդանոց, որի ճանապարհին էլ նա մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել միջադեպին: