Porsche ընկերությունը տվել է Փոլ Ուոքերի մահվան մեջ մեղավորի անունը
LifestylePorsche ընկերությունը հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերի մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղավոր է ճանաչել դերասանի ընկերոջը՝ Ռոջեր Ռոդասին, որը եղել է Carrera GT մեքենայի ղեկի դիմաց: Այս մասին հայտնում է Orer.am-ը` հղում անելով Daily Mail-ին:
Ավտոգիգանտի իրավաբաններն առաջարկել են դատարանին հրաժարվել Ռոդասի կնոջ հայցը քննելուց, քանի որ կարծում են, որ վերջինս «ինքն է ընտրել մեքենան վարելու եղանակը, որը վտանգ էր հանդիսանում իր և ուղևորի համար»: Նրանց կարծիքով՝ մեքենայի կոնստրուկցիան չէր կարող դառնալ ավտովթարի պատճառ:
Ռոդասի կինը ընկերությանը մեղադրում էր այն բանում, որ Porsche Carrera GT ավտոմեքենան պաշտպանված չէր հատուկ միջոցներով, որոնք կկանխեին բենզինի արտահոսքը պատահական բախման ժամանակ: Իսկ ավտովթարը կարող էր եղած լինել մեքենայի դեֆեկտների պատճառով:
Ավտովթարը, որից մահացան Փոլ Ուոքերն ու Ռոջեր Ռոդասը, տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերի 30-ին: Porsche Carrera GT ավտոմեքենան, որի ղեկի դիմաց նստած էր Ռոդասը, մեծ արագությամբ բախվեց ծառին և այրվեց:
Հետաքննությամբ պարզվեց, որ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան: Ռոդասը, ստանալով կյանքի համար վտանգավոր տրավմաներ, տեղում մահացավ, իսկ Ուոքերը մահացավ մի փոքր ուշ՝ ծանր կարգի այրվածքներից և թունավոր գազերից թունավորվելուց: Երկուսի արյան մեջ էլ ալկոհոլ կամ այլ նմանատիպ նյութեր չեն հայտնաբերվել:
Իսկ վերջերս Փոլ Ուոքերի ժառանգների հիմնադրամը դատի էր տվել դերասանի հետ 2013թ. ավտովթարից մահացած Ռոջեր Ռոդասի ժառանգներին: