Ինչո՞ւ են սառույցի վրա քարեր սահեցնում. մարզաձև, որ մեծ ճանաչում ստացավ առաջին հերթին օլիմպիական խաղերի շնորհիվ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կյոռլինգը լայն հանրությանը հայտնի է դարձել ոչ այնքան վաղուց։ Դա տեղի է ունեցել 1998 թվականին օլիմպիական մարզաձև ճանաչվելու շնորհիվ։ Այդ տարվանից է այն ընդգրկված ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաստատապես հայտնի է, որ կյոռլինգի ծննդավայրը Շոտլանդիան է։ Հետազոտողները կարծում են, որ դրա նման խաղ կարող էր հայտնվել դեռ 16-րդ դարում։ Այդ ամենը հաստատող փաստ է չորացած ջրամբարի հատակին այնպիսի քարի հայտնաբերումը, որը նման է կյոռլինգի ժամանակ օգտագործվող քարին: Գտնված քարը թվագրված է 1511 թվականով: Տարեգրությունում կյոռլինգը առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին, երբ վանական Ջոն Սքլեյթերը աբբայության ներկայացուցիչ Գևին Համիլթոնին կյոռլինգ խաղալու մարտահրավեր է նետել։
Հետագայում Հոլանդիայում է կյոռլինգը արագ արմատավորվել, քանի որ հոլանդացիները շատ սերտ տնտեսական և մշակութային կապեր են ունեցել Շոտլանդիայի հետ։ 1737 թվականին Շոտլանդիայում սկսել է գործել կյոռլինգի առաջին ակումբը։ Մոտավորապես նույն ժամանակ նրանք սառած լճակի վրա կառուցել են այդ խաղի համար նախատեսված առաջին խաղահրապարակի նախատիպը: Սկզբում խաղի համար ընտրվում էին անհրաժեշտ չափի սովորական քարեր։ «Կյոռլինգ» բառն ինքնին թարգմանաբար նշանակում է «խաղալ ճչացող քարերի հետ»։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է այն ձայնով, որն առաջացնում են ոչ հարթ քարերը սառցե մակերևույթի վրայով սահելիս: Այդ պատճառով էլ կյոռլինգի զարգացման սկզբնական փուլում սիրողական թիմերի հաղթանակը շատ առումներով կախված էր ոչ թե սպորտային հմտություններից ու վարպետությունից, այլ պարզապես բախտից։
Սկսած 17-րդ դարից՝ քարերը բերվել են մեկ ստանդարտի: 19-րդ դարի սկզբին Շոտլանդիայում հորինվել և հաստատվել են կյոռլինգ խաղի պաշտոնական կանոնները։ Այդ ժամանակից ի վեր դրանցում լուրջ փոփոխություններ չեն կատարվել։ Մրցող թիմերը բաղկացած են չորս խաղացողից: Նրանցից յուրաքանչյուրը, որոշակի հաջորդականությամբ, հերթով կատարում է 2 քարի նետում մեկ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խաղում կա 10 էնդ: Մարզաքարի յուրաքանչյուր նետման իմաստը հակառակորդի քարը «տանից» դուրս մղելն է և այնտեղ սեփականը դնելը: Յուրաքանչյուր քարի համար, որն ավելի մոտ է «տան» կենտրոնին, քան հակառակորդի քարերից որևէ մեկը, ինչպես նաև «տան» ներսում գտնվելու կամ դրա պարագծին դիպչող քարի համար թիմին շնորհվում է 1 միավոր:
Առավելագույն միավոր հավաքած թիմը հաղթում է: Կյոռլինգի համար նախատեսված սպորտային սարքավորումները բաղկացած են գրանիտից պատրաստված քարերից, խոզանակից՝ սառույցի մակերեսին քսելու համար, որի վրա շարժվում է քարը, և կոշիկի հատուկ սահիկից, որը բարելավում է սառցե մակերեսի վրա սահելը։ Կյոռլինգի առաջին աշխարհի առաջնությունը տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է 1959 թվականին, 20 տարի անց եղել է կանանց առաջնություն: 1975 թվականից սկսվել են աշխարհի ամենամյա առաջնությունները։ 1998 թվականին Ճապոնիայի Նագանոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ կյոռլինգը կատարել է իր պաշտոնական դեբյուտը՝ որպես օլիմպիական մարզաձև։ Բոլոր միջազգային մրցումները անցկացվում են փակ տարածքում՝ դրանց ներսում ջերմաստիճանի մանրակրկիտ հսկողությամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում