Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների
InterviewԻրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կարող է տարածաշրջանում լուրջ փոփոխություների հիմք դառնալ:
Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Դանիելյանը: «Ոչ միայն տարածաշրջանային փոփոխությունների մասին է խոսքը, այլ` ընդհանրապես աշխարհաքաղաքական փոփոխությունների: Այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս լարված մթնոլորտում Իրանի միջուկային հիմնախնդիրը հանդիսացավ այն կետը, որի շուրջ փոխըմբռնում եղավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը ցույց է տալիս, որ Արևմուտքը, ՌԴ-ն ու Չինաստանը պատրաստ են համակերպվել տարածաշրջանում Իրանի նոր դերի հետ:
«Նույնը չի կարելի ասել Մերձավոր Արևելքի որոշ երկրների, մասնավորապես, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ երկու օր առաջ Թուրքիայի Նախագահը շատ կոշտ հակաիրանական հայտարարությամբ հանդես եկավ, որը կարծես թե ուղերձ էր «վեցնյակի» երկրներին առ այն, որ իրենք պատրաստ չեն Իրանի նոր` առավել ակտիվ դերակատարմ անը տարածաշրջանում»,- նշեց իրանագետը:
Նա նկատեց, որ Սաուդյան Արաբիան նույնպես բավականին ակտիվ ներգրավվել է տարածաշրջանային գործընթացներում, ինչը երևում է Եմենի օրինակով: Իրանագետի գնահատմամբ` Եմենում իրականացվող օդային հարվածները որոշակի չափով ուղղած են նաև Իրանի շահերի դեմ:
Լոզանում 8 օր տևած բանակցությունների արդյունքում Իրանի և «վեցյակի» երկրների (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Գերմանիա) միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Ակնկալվում է, որ վերջնական համաձայնագիօրը կողմերը կստորագրեն հունիսին: