ՀՀԿ-ական կանանց պահվածքը չի մեկնաբանվում թիմակիցների կողմից
PoliticsԱրդեն երկու օր է, ինչ ՀՀԿ-ական կանանց այցելությունը Ծիծեռնակաբերդ դարձել է ամենախայտառակ, ամենաքննարկվող եւ քննադատվող թեմաներից մեկը: Նժդեհյան գաղափարախոսությունը «սեփականաշնորհած» այս կուսակցության ներկայացուցիչներն անգամ սեփական ազգի պատմությունը չգիտեն, դրա մասին է վկայում Ծիծեռնակաբերդում Նաղդալյանի գլխավորությամբ կազմակերպված «Անմոռուկ փարթին»:
Գլամուրային այս տիկինը, ով անգամ հասցրել էր համադրել բավական թանկարժեք կոշիկների գույնը վզկապի հետ, պարզապես գլխի չէր ընկել կամ, միգուցե, ժամանակ չէր ունեցել զգուշացնել ՀՀԿ անդամագրված կանանց, ինչպես նաեւ այդ կուսակցության շարքերը համալրած պաշտոնավորներին ու մանդատավորներին, որ իրականում իրենք գնում են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից ամենաստոր եւ անմարդկային կերպով կոտորված հայ նախնիներին:
Ինչեւէ, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. ՀՀԿ-ական փափկասուն տիկնայք, ովքեր սովորաբար ամենաբարձր ամբիոններից լրջագույն դեմքի արտահայտությամբ հորդորում են միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւս իրավունք չունեն խոսել այն հայերի անունից, ովքեր գիտակցում եւ խորը կսկիծով են հիշում իրենց նախնիների անցած ճանապարհը…
Նկատենք, որ ղեկավար ուժի ներկայացուցիչների նման պահվածքը դեռ շատ կդատափետվի, սակայն հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՀԿ-ի այլ անդամներն իրենց թիմակիցների պահվածքի մասին:
Մեկնաբանության համար, Orer.am-ը կապ հաստատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ, ով երբ ՀՀԿ-ական կանանց անունը լսեց, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով. «Ես քաղաքում չեմ, տեղյակ չեմ՝ ինչ է տեղի ունեցել, ու, ընդհանրապես, ես էլ հեռախոսով հարցազրույցներ չեմ տալու»:
Իհարկե, հասկանալի է, թե ինչու ՀՀԿ խմբակցության պատգամավորը չմեկնաբանեց տեղի ունեցածը…
Զարմանալու առիթ էլ չկա, ախր ո՞րը մեկնաբանեն, հազիվ նախկին ՀՀ սփյուռքի նախարարի խինդն ու ուրախությունը լղոզեցին` ասելով, թե իբր ուժեղ քամուց բերանն էր լոճվել, հիմա էլ` այս ամենը…
Այստեղից կարելի է մեկ ենթադրություն անել` ՀՀԿ տղամարդիկ ՀՀԿ կանանց ձեռքը կրակն են ընկել…
Սոսե Չանդոյան