Ադրբեջանական գործելաոճը բնորոշ է պարտվողին. Կարինե Նալչաջյան
SocietyԱպրիլի 24-ին ընդառաջ թուրքա-ադրբեջանական հակահայ գործելաոճն էլ ավելի ընդգծված է դառնում. խոսքը ոչ միայն գրեթե ամեն օր իրականացվող դիվերսիոն հարձակումների, խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցների, այլ տարատեսակ ամբիոններից հնչեցված մեղադրանքների եւ ադրբեջանական վատ պահվածքի մասին է:
Թե ինչի մասին է վկայում հատկապես ադրբեջանական հիստերիկ պահվածքը, որն անգամ նկատելի է սպորտի ոլորտում, Orer.am-ը ճշտեց հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նշեց. «Ադրբեջանական գործելաոճը բնորոշ է պարտվողին: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը տարբեր դրսեւորումներ ունի, իսկ մենք հիմա պատերազմի որոշակի փուլի մեջ ենք` դիվերսիոն հարձակումներ, կրակոցներ խաղաղ բնակիչների վրա եւ այլն: Փաստորեն, հակառակորդն այդ մարտավարությունն է ընտրել: Չնայած նրան, որ իրենք շատ արժանի հակահարվածներ են ստանում, այնուամենայնիվ, Ադրբեջանի մարտավարությունն այս պահին դա է: Մենք չպետք է մոռանանք, որ պատերազմը միայն մարտի դաշտում չէ, կան պատերազմների այլ ձեւեր եւս` տեղեկատվական, հոգեբանական: Օրինակ` մենք տեսանք, թե վերջերս ինչ տեղի ունեցավ սպորտի ոլորտում: Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ադրբեջանցիների նոր սերունդն այնպես է դաստիարակված, որ հայատյացությունը կարծես նրանց երակներում է արդեն, նրանք կույր ատելություն են տածում հայերի նկատմամբ, որը երեւում է ամեն քայլափոխին: Մենք որպես փաստ պետք է ընդունենք, որ մեր հարեւանները, ում հետ մեր հարաբերությունները լարված են, ում մեր հերոսների արյան գնով պարտության ենք մատնել, մեզ ատում են` արտահայտելով իրենց ատելությունը հնարավոր բոլոր ձեւերով»:
Հակառակորդի սադրանքներին ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած հետագա անելիքների ու արձագանքի հետ կապված էլ հոգեբանը նշեց. «Առկա իրավիճակի համար ես այս ամենը համարում եմ հասկանալի, ուղղակի մենք այդ փաստը պետք է գիտակցենք եւ նրանց խայծը կուլ չտանք: Ինչու ոչ, մենք նույնպես պետք է հարձակվողական մարտավարություն ունենանք, որպեսզի հաղթենք բոլոր դիրքերում: Նկատենք, որ մեր կեցվածքը շատ արժանապատիվ է, ես չէի ցանկանա, օրինակ, որ մեր տղան, ով հաղթանակ էր տարել թուրքի նկատմամբ (իսկ ադրբեջանցին նույն թուրքն է) ցածր մակարդակի քայլ աներ եւ ինչ-որ կերպ պատասխաներ Հայաստանի հիմնը հնչեցնելու ժամանակ կամ հետո: Նկատեմ, որ նման արժանապատիվ կեցվածք մենք պետք է ունենանք` ճշգրիտ կողմնորոշվելով համապատասխան իրադրություններում: Օրինակ` մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ ադրբեջանցիները ստեղծել են հայկական լրատվամիջոցներին նմանակող մի քանի կայքեր, որտեղ հայի ազգանունով եւ հայերեն լեզվով տարբեր աղավաղված եւ հակահայ տեղեկություններ են տեղադրում. ցավով պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ հայ լրագրողներն այդ խայծը կուլ են տալիս: Մենք պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինենք, քանի որ տեղեկատվությունն առաջին հայացքից կարող է միամիտ երեւալ, սակայն դրա տակ կարող է լինել այնպիսի ենթատեքստ, որը կաշխատի մեր դեմ: Հնարավոր է ամբողջ մի էջ ճշմարիտ գրվի, սակայն այդ տեքստում այնպիսի մի տողով քարոզչական հնարք լինի, որ դա իր գործն անի, օրինակ` հայաստանցի եւ ղարաբաղցի բառերի կիրառումը, սա խայտառակ տարանջատում է եւ խայծ, որը մենք ժամանակին կուլ ենք տվել: Ադրբեջանական քարոզչամեքենայի սրերի դեմ մենք պետք է պայքարենք: Մենք շատ գործ ունենք անելու ոչ միայն խայծը կուլ չտալու, այլեւ նախահարձակ լինելու իմաստով: Ինչպես մեր զինվորականությունն է անհրաժեշտ պարագայում նախահարձակ լինում, այնպես էլ մենք պետք է նախահարձակ լինենք: Այս ամենի համար պետք է շատ լուրջ քարոզչական քաղաքականություն մշակվի. անհատները կարող են հնարավորության սահմաններում աշխատել այս ուղղությամբ, սակայն մեկ բան է միայնակ աշխատելը, մեկ այլ բան` համակարգված»:
Սոսե Չանդոյան