Թե ինչպես կարձագանքի Թուրքիան եւ միջազգային հանրությունը ՀՀԿ կանանց պահվածքին. քաղաքագետի անդրադարձը
PoliticsԴժվար է ասել, թե ինչպես կարելի է բնութագրել այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Ծիծեռնակաբերդում` Նաղդալյանի գլխավորությամբ. անարգանք սեփական անձի՞, ազգի՞, թե՞ ժողովրդի նկատմամբ:
Տարբեր հարթություններից դիտարկելով ՀՀԿ «էլիտար» կանանց ցածրարժեք պահվածքի հարցը` Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, ով անդրադառնալով ապրիլի 24-ի խորհրդին նկատեց. «Ցավոք սրտի, ապրիլի 24-ի խորհուրդը մատուցվեց «ռաբիս» հարթության մեջ, այսինքն` ապրիլի 24-ը դարձավ ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք է դառնար: 100-ամյա տարելիցը պետք է շատ լուրջ առիթ լիներ, որպեսզի մենք լրջագույնս քննարկեինք մեր պատմական անցյալը, ձեւակերպեինք այն խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ, եւ փորձեինք ձեւակերպել այն տեսլականը, որով պետք է շարժվեին Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նման դիսկուս բացարձակ գոյություն չունի: Ապրիլի 24-ը մենք նույնացրինք եւ իջեցրինք մոտավորապես այն մակարդակի վրա, ինչպես, օրինակ, Սովետական Միությունում նշվում էր Մայիսի 1-ը կամ Նոյեմբերի 7-ը: Պետք է հիշեցնեմ, որ չի կարելի ապրիլի 24-ը ծառայեցնել քաղաքական կոնյուկտուրային, չի կարելի այն դարձնել էժանագին միջոցառումների թեմա, չի կարելի 100-ամյա տարելիցն արժեւորել այնպես, որ նոր սերունդը չհասկանա դա հիշատակի օր է, թե տոն: Չի կարելի ապրիլի 24-ը ասոցացնել էժանագին ֆոտոսեսիայի հետ, չի կարելի նաեւ այն նույնացնել էլիտար կանանց ժպիտի հետ: Մնում էր, որ այդ կանայք Ծիծեռնակաբերդի բարձունքում մի կտոր քյաբաբ ուտեին կամ մի բաժակ խմեին. այդ ժամանակ պատկերն ավելի ամբողջական ու լիարժեք կլիներ: Իհարկե, միջոցառումը գռեհիկ էր, կանանց այդ երթը, նրանց ծիծաղը, վարքագիծը շատ տհաճ էր: Այդ միջոցառումն այնքան արհեստական էր, որ ոչ միայն տիկին Նաղդալյանը, այլ այնտեղ հայտնված մի քանի հազար այլ կանայք նույնպես ո'չ միջոցառման էությունն էին ընկալել, ո'չ դրա անցկացման վայրի խորհուրդը, ո'չ էլ ընդհանրապես իրենց ուղերձի նշանակությունը»:
Այն հարցին, թե ՀՀԿ կանայք նման անլուրջ պահվածքով ի՞նչ ուղերձ հղեցին միջազգային հանրությանն ու հատկապես Թուրքիային, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես են սեւազգեստ կանայք ծիծաղում Ծիծեռնակաբերդում, ընդհանրապես չեմ հասկանում, թե ի՞նչ ուղերձ էին նրանք հղում միջազգային հանրությանը, եթե մարդիկ տեսնում են, որ հիշատակի միջոցառումը վերածվում է ֆոտոսեսիայի, բնականաբար նրանք լուրջ չեն կարող մոտենալ նման ուղերձին, էլ չեմ խոսում Թուրքիայի հնարավոր արձագանքի մասին: Թուրքիայի պետական մարմինները երեւի թե շատ ավելի լուրջ են եւ, ըստ երեւույթին, ձեռնպահ մնացին արագ արձագանքներից: Այդ օրը բոլորս, առաջին հերթին` պետական մարմինները, այդ ամենը խեղաթյուրեցինք այնքան, որքան հնարավոր էր: Այս առումով մենք լրջագույն հարված հասցրեցինք թե' 100-ամյա միջոցառումներին, թե' այն լուրջ խնդիրներին, որոնք ակնկալվում էին դրվել քննարկման»:
Սոսե Չանդոյան