Նրանք փախնում են ոչ միայն դահլիճից, այլև ժողովրդից. Հայկ Մարությանն արձագանքում է Միքայել Պողոսյանին
BlogԴերասան, հումորիստ, «Սուպեր մամա» կինոկատակերգության պրոդյուսեր Հայկ Մարությանն, անդրադառնալով դերասան, ռեժիսոր Մ. Պողոսյանի խոսքերին, այն է` «Գնացի «Սուպեր մամա»-ն նայեմ, 15 րոպեից փախա», ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուպեր Մամա ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է:
Իհարկե, այս փաստերը` մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել:
Այդ ցավը այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ արհամարhական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա ֆիլմի» մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:
P.S.
Նա մասնավորապես ասել է` «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»:
Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»: