Կինոարվեստը վերահսկելու համար օրենք երկնողները ինքնասիրահարված նոմենկլատուրային «բիձեք» են
Analysis«Սուպեր մամա» ֆիլմի լավը կամ վատը լինելու մասին կարծիք է հայտնում մի մարդ, ով նույն պահին շեշտում է ֆիլմերը օրենսդրորեն կարգավորելու և ցենզուրանման ինչ որ մարմին ստեղծելու անհրաժեշտությունը:
Մարդը պնդում է, որ 15 րոպե ավելի չի կարողացել դիտել ֆիլմը ու անհրաժեշտություն է տեսնում օրենսդրորեն կարգավորել ֆիլմարտադրությունը: Ոչի՞նչ, որ երեք միլիոնից ավելի մարդ դիտել է այդ ֆիլմը և Միքայելի մառազմատիկ օրենքների կարիքը չի զգացել:
Հարգելի Միքայել Պողոսյան, արդյո՞ք սովետի հոտ չի փչում ձեր նախաձեռնությունից: Թե մի քանի հաջող կամ անհաջող դերեր խաղալուց հետո Ձեզ այնքան հասուն եք կարծում, որ մտադիր եք Ձեր քիթը խոթել իմ ֆիլմադարանի մեջ: Ի վերջո, համացանցում օրական հարյուրավոր ճաշակով ու անճաշակ ֆիլմեր են լցնում, ինչու՞ չեք պահանջում, որ Յութուբը և այլ վիդեոհոստինգները ևս վերահսկվեին ձեր աստվածային հանձնաժողովների կողմից:
Ու ընդհանրապես, մի քիչ շատ չե՞ք հղում անում Ձեր պրոֆեսիոնալիզմին: «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմը, ասենք, Հայաստանում նկարահանված ամենատափակ շարժանկարն է հավանաբար ու ձեր մասնակցությամբ բազմաթիվ նմանատիպ այլ կինոաղբը, բա էդպես վեհ ու պրոֆեսիոնալ պահվածքով ինչու՞ չէիք հրաժարվում խաղալուց կամ հետագայում ինչու՞ չէիք պահանջում, որ հանվի ցուցադրությունից: Հուսով եմ, որ ձեր առաջարկած հանձնաժողովը կպահանջի փոխհատուցել նմանատիպ ֆիլմերով մեր ուղեղները բռնաբարելու համար:
Ու ընդհանրապես, չհամարձակվեք փորձել գրաքննություն պարտադրել, ու թարգեք էդ ինքնախաբեությունը, որ դուք կամ ձեր նմանները կարող են ճաշակ թելադրել կամ արգելել այս կամ այն ֆիլմը: Ձեր սովետիզմով գնացեք Մոսկվաներում դիվիդենտներ շահեք: Ու լուրջ դեմք ընդունած մի հրճվեք սեփական պրոֆեսիոնալիզմով: Նկարեք լավ գործեր, սահմանեք նոր նշաձողեր՝ դա կլինի որակի բարձրացման երաշխիք, մինչդեռ կինոարվեստը վերահսկելու համար օրենք երկնողները ինքնասիրահարված նոմենկլատուրային «բիձեք» են, ովքեր իրենց սպառելով ֆիլմարտադրության մեջ՝ դայակ-դայակ են խաղում...
Հ.Գ. Դիմակների տակ թաքնված ոմանք առիթն օգտագործեցին՝ Հայկ Մարությանի բոստանը քար նետելու համար: Զուշացնում եմ՝ նման գործելաոճի շարունակականության պարագայում ստիպված կլինեմ դիմակներ պատռել: Սա՝ թեթև ընկերական զգուշացում: Ակնարկը հասկացողը՝ կհասկանա...
Վարուժան Բաբաջանյան