Չինաստանը Հայաստանին նվիրել է արդիական շարժական հեռուստակայան
SocietyՊեկինում ապրիլի 8-ին կայացել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայանը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, տրամադրվել է Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ա մենամյա անհատույց օգնության շրջանակներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փոխանցման արարողությանը ներկա էին Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնատար անձինք, շարժակայանն արտադրող չինական INSTEC ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին տրամադրվող շարունակական տեխնիկական օժանդակության համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ չինացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Այնուհետև INSTEC ընկերության նախագահ Ան Ֆընշոուն հանդիսավոր պայմաններում դեսպան Սարգսյանին է հանձնել շարժակայանի խորհրդանշական բանալին:
Չինական կողմի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` շարժակայանը հատուկ բեռնատար ինքնաթիռով Հայաստան կառաքվի ապրիլի 15-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լուսաբանումն ապահովելու նպատակով: Հայաստանում շարժակայանի վերջնական փորձարկումն ու շահագործումն ապահովելու համար Երևան կժամանի չինացի 9 մասնագետներից բաղկացած խումբ: