Եվ նորից ձայնը անդրշիրիմյան աշխարհից
AnalysisԵթե ամեն անգամ «անցյալում մնացած քաղաքական գործչի»՝ քաղաքական գերեզմանոցից ազդակներ ուղարկելը, բացի իր մասին հիշեցնելու փորձից, համընկել է նաև կոնկրետ ինչ-որ իրադարձության հետ, ապա այս անգամ նույնիսկ այդ համընկնումը է դժվար գտնել:
Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը նրա հերթական հարցազրույցը կապել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, բայց եթե պարզ խոսենք, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված այսօր ո՞վ է ընդհանրապես հիշում Ռոբերտ Քոչարյանին և ո՞ւմ էր ընդհանրապես պետք նրա խոսքը լսելը, բացի, իհարկե, նրա գրասենյակի աշխատողներից:
Եվ ահա, նորից հնչեց ձայնն անդրշիրիմյան աշխարհից: Նա խոսեց, փորձեց մարդկանց հիշեցնել, որ մի ժամանակ այդպիսի մի նախագահ էլ ենք ունեցել, ձեռքի հետ էլ հետևելով ժամանակակից «մոդային»՝ կրկին մտավ շարքային ընդդիմադիրի դերի մեջ՝ քննադատելով գործող իշխանություններին, սահմանադրական բարեփոխումները: Բայց, ինչպես հասկանում ենք, դրանով էլ հնարավոր չէ ուշադրություն գրավել և հիշեցնել իր երբեմնի գոյության մասին, ուստի նախկին նախագահը դիմեց ավանդական մեթոդի՝ ասել որևէ անտրամաբանական, անհեթեթ, նաև զավեշտալի միտք, որն ավելի հավանական է, որ կգրավի ընթերցողի ուշադրությունը:
Իսկ միտքն այն էր, որ իբրև թե ԲՀԿ-ն չի սպասարկել իր շահերը, չի գործել իր հովանավորությամբ, իր թելադրանքով: Հասկանալի է, որ այս միտքը շատերի մոտ կարող է գոնե ժպիտ առաջացնել, եթե ոչ ծիծաղ, և միգուցե այդ պատճառով էլ այն արտահայտվեց. կարևորն այստեղ ընթերցողի ուշադրությունը գրավելն էր, որպեսզի ձայնն անդրշիրիմյան աշխարհից գոնե մի փոքր լսելի լինի:
Բայց դե, իհարկե, մենք չենք մոռացել, թե ինչպես Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարիերայի կտրուկ ավարտից անմիջապես հետո նախկին նախագահը շտապեց հանդես գալ ի պաշտպանություն իր շահը սպասարկողի, ինչպես նաև չենք մոռացել ԲՀԿ-ի գործունեության ընթացքը, ԲՀԿ-ականների բուռն արձագանքները Քոչարյանի ամեն հարցազրույցին, և չեմ զլանա մեկ անգամ էլ ասել, որ ԲՀԿ-ն փորձում էր ճանապարհ հարթել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար:
Փորձեց, սակայն դա նրա մոտ չստացվեց, փակվեց այդ ճանապարհը, Քոչարյանն էլ կանգնեց վերջանականապես մոռացության մատնվելու լուրջ վտանգի առջև: Ահա այստեղ է, որ կարևորվում է ոչ պաշտոնական կայք ունենալը, որի միջոցով կարելի է հարցազրույցներ կազմակերպել:
Կարեն Վարդանյան