Բանասերը հայ գրականության որոշ գործերը թուրքերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում
SocietyԲանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը հայկա կան գրականության որոշ նմուշները թուրքերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում: «Վերջին տարիներին Թուրքիայում ապրող մոտ 30 հազար մահմեդականներ վերադարձել են քրիստոնեության, որոնց մեծ մասը հայեր, ասորիներ և հույներ են, ինչը վկայում է նրանց հոգու զարթոնքի մասին: Մենք պետք է նպաստենք, որ նրանց մեջ արթնանա ազգային ոգին, արժանապատվությունը: Մենք պետք է հադիպենք նրանց հետ, շատ նուրբ ճանաչողական աշխատանք տանենք, և այդ գործում մեզ կօգնի հայ գրականությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը վերաբերող աշխատությունների հեղինակներին` նա առանձնացրեց սփյուռքահայ գրողներ Վիլյամ Սարոյանին, Մայքլ Առլեն կրտսերին և Փիթեր Բալաքյանին: «Մայքլ Առլեն կրտսերի հայրը՝ Մայքլ Առլեն ավագը (Տիգրան Գույումջյան) իր տղային հեռու էր պահում իր հայկական ինքնությունից: Սակայն, մի օր Մայքլ Առլեն կրտսերին դասախոսության են կանչում հայկական եկեղեցի: Դասախոսության ավարտից հետո Մայքլին մի հայ ընտանիք սուրճի է հրավիրում: Այդ հանդիպումից հետո նա որոշում է ուղևորվել Հայաստան»,-նկատեց Դավիթ Գասպարյանը:
Բանախոսը նշեց, որ շուտով «Հայող լեզու և գրականություն» ամսագրում տպագրվելու է սփյուռքահայ գրող Դավիթ Խրձյանի «Ճանապարհ տնից» վիպակը: «Այդ վեպում նա պատմում է Հայոց Ցեղասպանությունը վերապրած իր մոր պատմությունը: Դավիթը ժամանակին եղել է Հայաստանում և հանդիպել է քանդակագործ Երվանդ Քոչարի հետ: Հանդիպման ընթացքում նա խնդրում է Դավիթին պարզել ձեռքը և իբրև բախտագուշակ ասում է. «Շտապիր, դու կարևոր գործ ունես անելու»»,- պարզաբանեց Գասպարյանը և հավելեց, որ Դավիթ Խրձյանի վեպը թարգմանվել է աշխարհի ավելի քան 15 լեզուներով: