Մենք ապրում ենք դաժանության պոռթկումների ժամանակահատվածում. Կարինե Նալչաջյան
SocietyՕրերս բոլորիս ապշեցրեց եւ խիստ քննադատության առիթ դարձավ մի դեպք, որի դաժանությունը, թերեւս, ոչ մի սահման չի ճանաչում: Խոսքը` Հյուսիսային պողոտայում մոտ տաս անձանց կողմից անդամահատված թեւերով տղային դաժանաբար ծեծի ենթարկելու մասին է:
Թե իրականում ի՞նչ հոգեվիճակում պետք է մարդ գտնվի, որպեսզի հարձակվի եւ ծեծի ենթարկի մինչ այդ որեւէ առնչություն չունեցած անձի հետ, Orer.am-ը պարզեց հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նշեց. «Անգամ եթե պատկերացնենք, որ հաշմանդամ մարդն ամենավերջին վիրավորանքներն է հնչեցրել դիմացինի հասցեին, իրենք էլ չեն դիմացել այդ խոսքերին ու ծեծի են ենթարկել տվյալ անձին, միեւնույն է, այդ տղաների կատարածը պատկերացնել ուղղակի անհնար է: Եթե մի քանի հոգով ծեծում են մեկին, ապա դա ծեծողների բարոյական նկարագրի մասին շատ բան է ասում: Անկախ հանգամանքներից, անկախ իրադրություններից, անկախ նրանից, թե ով է անմեղ, ով` մեղավոր, եթե նման բան է տեղի ունեցել, ուրեմն մենք պետք է մտածենք` մեր արժեքային համակարգի եւ բարոյականության հետ ինչ-որ բան է տեղի ունեցել»:
Հոգեբանը` անդրադառնալով արդեն իսկ սովորական երեւույթ դարձած դաժանությունների թեմային, նշեց. «Նկատենք, որ վերջերս տարբեր կայքերով շատ է լուսաբանվում այն մասին, թե գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկն այսպես կամ այնպես արեց: Կարելի է մտածել, որ նրանք շատ կարեւոր մարդիկ են, որոնց մասին արժի ինչ-որ լուրեր գրել: Ես հասկանում եմ, որ ԶԼՄ-ներին սուր լուրեր են պետք, այնպիսի լուրեր, որ մարդկանց մեծ հատվածին ձգեն դեպի իրենց, սակայն մենք մոռանում ենք, որ նման քայլերով մենք արժեքներ ենք ստեղծում: Նույնիսկ, եթե շատ դրական ֆոնի վրա չի գրվում լուրը եւ տրվում է չոր տեղեկություն, ապա, միեւնույն է, եթե այդ մասին ասվում ու գրվում է` նշանակում է, որ այդ ամենն իրենից արժեք է ներկայացնում: Այս պարագայում ինչ-որ մարդկանց համար հեղինակություն կոչվածը հենց դա է դառնում: Ի դեպ, նկատենք` վերջերս հեղինակություն բառը պարզապես հեղինակազրկվել է, սակայն պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ այն շատ կարեւոր բառ է: Նկատեմ, որ սա արժեքների անկում է, որը շատ վտանգավոր է: Իմ վերջին հարցազրույցներից մեկում ես նշել էի, որ աշխարհը դեպի հետ է նահանջում, մենք ապրում ենք տարբեր քաղաքակրթական նահանջի պայմաններում: Օրինակ բերենք Ուկրաինան, որտեղ ամենավերջին դաժան կադրերն են հրապարակվում, նույնը կարող ենք ասել «Իսլամական պետություն» կոչվածի մասին: Մենք ապրում ենք դաժանության պոռթկումների ժամանակահատվածում: Այս օրինակների կողքին մենք այսօր տեսնում ենք նաեւ, թե Երեւանի սրտում ինչպես են հաշմանդամ մարդու ծեծի ենթարկում: Այս ամենը ոչ միայն արդարացում չունի, այլ նաև մտորելու տեղիք է տալիս, թե ինչ դաստիարակություն են ստացել այդ մարդիկ, որ նման պահվածք են դրսեւորել»:
Հոգեբանը նաեւ նկատեց, որ Երեւանում նման դեպքեր լինում են, որովհետեւ սերիալներում պատկերավոր ցուցադրվում է թե ինչպես է հանցագործը կարեւոր դեր խաղում եւ ինչ ճոխ միջավայրում է նա գտնվում` լուծելով ինչ-որ հարցեր:
Սոսե Չանդոյան