Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել. Զորի Բալայան
SocietyԱրձակագիր, բժիշկ Զորի Բալայանի համոզմամբ՝ ուսուցիչները սրբություն են: Հենց դա է պատճառը, որ մտավորականը համաձայնեց ապրիլի 10-ին Հայաստանի գրողների միությունում հանդիպել Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ: Բալայանը վստահ է ՝ հանդիպմանը չգալը սրբապղծությանը հավասարազոր կլիներ:
Ուսուցիչների հետ հանդիպման մեկնարկին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ վերջերս հայերեն և ռուսերեն հրատարակվել է Զորի Բալայանի «Ցավը» գիրքը:
«Զորի Բալայանը Գրողների միությունում առանձնահատուկ անուն է: Մեր գրողների խնդիրները հուզում են նրան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցում մեր երեխաները ճանաչեն նաև մեր ժամանակակից գրողների լավագույն գրվածքները»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Զորի Բալայանն էլ նշեց, որ սովորաբար չի մասնակցում նման հանդիպումների և չէր համաձայնվի, եթե չլիներ ուսուցիչների ներկայությունը:
«Ես չեմ օգտագործում ո՛չ համացանց, ո՛չ համակարգիչ, ո՛չ նոր տեխնոլոգիաներ, մատիտներ, գրիչներ. իմը գրամեքենան է: Չեմ ուզում հանդիպումներ ունենալ, որովհետև մի կերպ եմ խոսում հայերեն: Ինձ իմ տատիկն ու պապիկն են մեծացրել, «ժողովրդի թշնամու» երեխա եմ եղել: Շատ լավ բժիշկ եմ եղել, համեստորեն եմ ասում, բայց գրիչը հաղթեց»,- նշեց Զորի Բալայանը՝ ներկաներին պատմելով իր անցած ուղու մասին: Նա հավելեց, որ եղել է տարբեր վայրերում, անցել նաև Հայաստանի բոլոր շրջաններով:
Զորի Բալայանն ընդգծեց, որ գրողն այսօր պետք է նաև հրապարակախոս լինի: Անդրադառնալով արցախյան ազատամարտին՝ նա նշեց, որ այն միայն հաղթանակ չէր: «Սա ավելին է, քան հաղթանակը: Ազատամարտը ցույց տվեց, որ մենք կարող ենք հաղթել: Ղարաբաղյան պատերազմը 20-րդ դարի ավարայրն էր, մենք մի քանի շրջան ազատագրեցինք: Մենք հողեր չենք կորցրել, մենք հայրենիք ենք կորցրել, թուրքերից մենք ոչ թե հողեր ենք պահանջում, այլ մեր հայրենիքը: Միայն միաբանությունը կարող է մեզ փրկել»,- ընդգծեց նա:
Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Զորի Բալայանը ցավով նշեց, որ այսօրվա դպրոցն այն չէ, ինչ եղել է: «Առանց դպրոցի մենք ապագա չենք ունենալու, դպրոցը մեզ համար ռազմավարական միտք է, որ ուղղված է դեպի ապագան»,-հավելեց նա:
Հանդիպմանը մասնակից ուսուցիչներն իրենց հարցերն ուղղեցին Զորի Բալայանին:
Արձակագիր, բժիշկ Զորի Բալայանը ծնվել է 1935թ. փետրվարի 10-ին, Ստեփանակերտում: Ավարտել է Ռուսաստանի Ռյազան քաղաքի բժշկական ինստիտուտը: 1963-73թթ Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ: «Վուլկան» և «Հայեզեր» նավակներով Կամչատկայից հասել է Օդեսա և Կամչատկայից, կտրելով Խաղաղ օվկիանոսը, հասել է Ատլանտյան օվկիանոս: Շնասահնակով անցնելով Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները` հասել է մինչև Հյուսիսային օվկիանոս: Այս ճամփորդությունները դարձել են գրքեր: Արցախյան շարժման և արցախյան պատերազմի տարեգիրներից է: 1990թ. «Մոսկվա» հյուրանոցի իր հ ամարում հայտարարել է հացադուլ` պահանջելով վերականգնել ԼՂԻՄ-ի իրավա-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները: Գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչ Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: 1972թ-ից Հայաստանի գրողների, հետագայում` Ժուռնալիստների միության անդամ է: Նրա «Բաց նամակ նորապսակներին» գրքույկը տպագրվել է 15 լեզուներով: 2004-12թթ «Կիլիկիա», ապա` «Արմենիա» նավերով ճանապարհորդել է միջնադարյան հայկական առևտրանավերի երթուղիներով: