Քննարկվել են զինծառայողների բուժսպասարկման խնդիրները
SocietyԶինծառայության ընթացքում վիրավորված զինվորների ամբողջ բուժսպասարկումն ու բուժումը ՀՀ տարածքում իրականացնում է Պաշտպանության նախարարությունը, համապատասխան օրենքի համաձայն, անկախ բուժման և պահանջվող գումարների ծավալներից: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Օրենքի համաձայն, Պաշտպանության նախարարությունը որևէ պարտավորություն չունի ապահովել ՀՀ տարածքից դուրս զինծառայողների բուժումը, սակայն քանի որ տարեկան մենք ունենում ենք 2-3 զինծառայողներ, ովքեր կարիք են ունենում արտերկրում բուժում ստանալու և բավականին մեծ գումարներով՝ Պաշտպանության նախարարությունը առանց բացառությունների բոլորին օգնում է», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարի մաւմուլի խոսնակը սխալ համարեց անուններ և հստակ թվեր ներկայացնելը, սակայն հիշեցրեց, որ հասարակությունը հստակ հիշում է անցած տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերը, երբ արտասահմանում բուժման լուրջ անհրաժեշտություն կար, սակայն նախարարությունը հնարավորություն չուներ տրամադրելու ամբողջ պահանջվող գումարը և տրամադրել էր դրա մի մասը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը նշեց, որ այս ոլորտում շատ են իրավական լուծում պահանջող հարցերը և կարիք կա լուծելու օրենսդրական բացը, որպեսզի ծառայության ընթացքում վիրավորված զինվորները կարողանան պատշաճ բուժում ստանալ նաև արտերկրում, եթե տվյալ բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը հարց բարձրացրեց, թե ինչպես է ՊՆ-ն որոշում, թե ընթացիկ տարի որքան գումար է հատկացվելու զինծառայողների բուժման համար: Նա մեջբերեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի տվյալները, որոնց համաձայն՝ 2014 թ. Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումների դեմ եղել է 1254 բողոք, որոնցից 102 դեպքում փոփոխության է ենթարկվել նախնական որոշումը, իսկ 67 զինծառայող վաղաժամ ազատվել է ծառայությունից:
Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ հիմնականում հակառակորդի ձեռնարկած գործողությունների արդյունքում զորացրվել են որոշակի թվաքանակով զինծառայողներ: Նա խնդրեց չմոռանալ, որ բողոքարկող զինծառայողների թիվը անհամեմատելի է բուժում ստացած զինծառայողների քանակի հետ: