Ապրիլի 24-ին Վրաստանից հազարավոր հայեր կայցելեն Ծիծեռնակաբերդ. Տաճատ Վարդապետյան
SocietyՀայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված Հայաստանում եւ մի շարք զարգացած երկրներում արդեն իսկ սկսել են իրականացվել պահանջատիրական ակցիաներ եւ միջոցառումներ:
«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց. «Մեր հարեւան պետություն Վրաստանում ամեն տարի ցայտուն կերպով ընդգծված միջոցառումներ են տեղի ունենում՝ կապված 1915 թվականի ոճրագործության հետ: Չի եղել անգամ մեկ տարի, որ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, չկազմակերպվի մոմավառություն կամ բողոքի երթ: Պետք է նշեմ, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս, նույնիսկ ավելի ընդլայնված կերպով ու ավելի ներկայացուցչական է իրականացվելու այդ ամենը: Մենք պետք է ամբողջ աշխարհին տեղեկացնենք, որ Ջավախք աշխարհը, վիրահայությունը անմասն չէ հայության 100-ամյա ողբերգությանը»:
Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված էլ պատգամավորը նշեց. «Ինչպես Ձեզ հետ նախկին զրույցում արդեն նշել էի, Վրաստանի խորհրդարանում վրացահայ պատգամավորները պետք է հանդես գային հայտարարությամբ: Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ հայազգի պատգամավորները հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ հայտարարությամբ եւ կոչ են արել Վրաստանի իշխանություններին ճանաչել 1915 թվականին տեղի ունեցածը եւ իրերն ու իրադարձություններն անվանել իրենց անուններով: Պետք է նաեւ նշեմ, որ ապրիլի 24-ին Վրաստանից հազարավոր հայեր կայցելեն Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ես միշտ ասել եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, եւ այս պարագայում Վրաստանի ներկայիս դիրքորոշումն այդքան էլ տեղին չէ, թեպետ մենք հասկանում ենք, որ ներկա պահին Վրաստանը գեոպոլիտիկայի զոհ է»:
Սոսե Չանդոյան