Թուրքագետը մեկնաբանել է Թուրքիայի անհանգստությունը Կոնգրեսում ներկայացված բանաձևի առնչությամբ
SocietyՄիացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ՝ Ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրը կդառնա միջազգային հարց: «Ցեղասպանության միջազգային ճանաչումն ունի գործնական նշանակություն: Այն կբարձրացնի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հեղինակությունը, ինչպես նաև Թուրքիան մասնակիորեն կզրկվի Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորություններից, կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորմանը միջամտելու այդ երկրի հնարավորությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձի ներկայացմանը և դրա հետևանքով հարևան երկրի իշխանական շրջանակներում առաջացած անհանգստություններին՝ թուրքագետը նշեց, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, երկրորդը, որ կդառնա միջազգային հարց, կլինի Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: «Սա է պատճառը, որ Միացյալ Նահանգներում ցանկացած տեղաշարժ խիստ անհանգստացնում է թուրքերին: Անգամ իմանալով, որ ներկայացված բանաձևերը հաջողություն չեն ունենա, միևնույնն է, ներկայացման հանգամանքն իրենց համար շատ մտահոգիչ է »,- պարզաբանեց նա:
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձը ներկայացնելուց մեկ շաբաթ անց բարձրաստիճան թուրք ղեկավարների պատվիրակություն է այս թվականի մարտին մեկնել Վաշինգտոն` խոչընդոտելու ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի քվեարկության դրվելը: