Վլադիմիր Սպիվակովն արդեն Հայաստանում է
SocietyԱշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովն արդեն Հայաստանում է: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում է «Արմենպրես» -ի թղթակիցը, մաեստրոն ժամանել է մեր երկիր յուրահատուկ ձեռնարկով: Երևանում ապրիլի 14-16-ը կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսա ստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մաեստրոն վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստին, Սպիվակովը նշեց. «Դե, եթե եկել եմ Հայաստան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում ունեմ»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե աշխարհը դեռևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիվակովը նշեց, թե դա իրենց խնդիրն է: «Ամբողջ աշխարհը չէ, որ չի ընդունում: Հռոմի պապն ընդունեց: Ես կարծում եմ, որ շատ լուրջ պատմություն է, հեռուն տանող հետևանքներ կլինեն»,-նշեց նա:
Անդրադառալով այն հարցին, թե ինչու են տարբեր ծրագրերով համերգներ անցկացվելու, Սպիվակովը խոստովանեց, որ կրկնվել չի սիրում:
«Երեկ համերգ ենք ունեցել, ընդհանրապես այլ ծրագիր ենք ներկայացրել և որպես մենակատար հանդես է եկել իմ հիմնադրամից մի մենակատար՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ով կատարել է Չայկովսկու կոնցերտներից: Հայաստան կժամանի նաև մի լավ դաշնակահարուհի՝ Վարյա Կուտուզովան, ով հանդես կգա առաջին համերգի ընթացքում: Իր հետ փորձել ենք կոնցերտը մինչև այստեղ գալը: Հույս ունեմ, որ մեծ հաճույք կստանաք»,-հավելեց դիրիժորը:
Հայաստանյան համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17-ը, «Ռեքվիեմ»-ը։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Վարվառա Կուտուզովան: Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։
Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ, որը կրում է Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները» խորագիրը։ Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:15-ին:
Սպիվակովը նշեց նաև, որ առաջիկայում ելույթներով հանդես կգա Ֆրանսիայում, Վիեննայում, Նյու Յորքում և այլ երկրներում: «Հրավերներ շատ են ուղարկում»,-հավելեց նա:
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեաների ընտանիքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ, որտեղ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում: 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում,որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի Յուրա Յանկելևիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: Ամուսնացած է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր` Սաթի Սահակյանցի հետ: