Թուրքական քաղաքական վերնախավը գտնվում է լարված իրավիճակում. Ռուբեն Մելքոնյան
PoliticsՎատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը և դրա ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը պատմական իրադարձություններ էին: Ինչպես ենթադրվում էր, այս ամենը նյարդայնացրել է թուրքական իշխանություններին: Սրբազանի ելույթից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վատիկանում իր դեսպանին:
Orer.am-ի այն հարցին՝ ինչպիսի՞ «ջղաձգումներ» և հակազդեցություններ կարող են լինել Թուրքիայի կողմից, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Ըստ էության՝ Թուրքիայի «ջղաձգումներն» ավանդական են, նոր բան այստեղ սպասել չի կարելի: Ուղղակի կարող ենք մտածել, որ կլինեն ավելի ագրեսիվ հայտարարություններ, իսկ «ջղաձգումներն» էլ կլինեն քաղաքակրթության և քաղաքավարության սահմաններից դուրս: Թուրքական քաղաքական վերնախավը գտնվում է բավականին լարված իրավիճակում, իսկ երբ նայում ենք թուրքական մամուլը, տենում ենք, որ որոշակի խուճապային դրսևորումներ կան: Սա մի կողմից ավելի է ուժգնացնում թուրքական ագրեսիան, որի արդյունքում էլ թուրք պաշտոնյաները դիվանագիտական էթիկայից դուրս հայտարարություններ են անում, իսկ մյուս կողմից թուրքական հասարակության նաև վերլուծական շրջանակները գնալով ավելի լրջորեն են սկսում խորհել Հայոց ցեղասպանության փաստի անհերքելության մասին, ինչպես նաև այն մասին, որ Թուրքիայի այս քաղաքական գործելաոճը տապալված է և ժամանակն է վերաարժևորելու քաղաքականությունը՝ անելով կոնկրետ ու կառուցողական քայլեր, ինչպես նաև առերեսվելով սեփական պատմության հետ»:
Հարցին` այս հաջողությունը հետևողականությա՞ն, թե՞ այլ գործոնների արդյունք է, թուրքագետը նշեց. «Ես կարծում են, որ բավականին լուրջ աշխատանք է արվել և արվում, թե' այս հարցով, թե' առհասարակ Ցեղասպանության 100-ամյակի առումով: Այդ ամենը մենք ամեն օր ենք տեսնում: Արդեն, երբ միջազգային մամուլը հանդես է գալիս Ցեղասպանության մասին ծավալուն անդրադարձներով, ոչ ոք չի զարմանում և ձնագնդի էֆեկտով այդ շարժումն ավելանում է՝ իր մեջ ընդգրկելով տարբեր պետությունների իրավական որոշումներ, համաշխարհային խոշոր գործիչների ելույթներ, արվեստի և այլ բնագավառների ներկայացուցիչների հայտարարություններ:
Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա Հայաստանի և Սփյուռքի հետևողական աշխատանքի շնորհիվ է: Սա երկար տարիների ջանքերի արդյունքն է, և այն ռեսուրսի, որը Սփյուռքում է կուտակվել տասնամյակներով: Եկեք գիտակցենք, որ մենք պայքարում ենք ընդդեմ մի պետության, որն ունի 78 միլիոն բնակչություն, ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում և իր տնտեսական կարողություններով աշխարհի առաջատար պետություններից է: Այնպես որ, այս քայլերն ու խնդիրները, որոնք բարձրացվում են համաշխարհային մակարդակով, բավականին լուրջ քայլերի վկայություն են»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:
Լևոն Փանոսյան