Վազգեն Սաֆարյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը դարակազմիկ իրադարձություն է համարում
SocietyԵվրասիական տնտեսական միությանն անդամակցելը դարակազմիկ նշանակություն ուներ Հայաստանի համար:
Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: «Սրանով մենք առաջին հերթին ապահովեցինք մեր ազգային անվտանգության խնդիրները, ինչպես նաև ձեռք ենք բերել 170-միլիոնանոց շուկա, որտեղ հայկական ապրանքները կարող են ազատ տեղաշարժվել»,- նշեց նա:
Նա ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը բավականին դրական խթան կլինի Հայաստանի տնտեսության համար: «Բացի այդ, Չինաստան կատարած վերջին այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չինացիներին առաջարկել է առանց մաքսային ձևակերպումների և բարդությունների հայ-չինական համատեղ ձեռնարկություններ ստեղծել, որոնց արտադրանքը ազատ դուրս կգա Եվրասիական տնտեսական միության շուկա»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
Սաֆարյանը նկատեց, որ վերջին երկու ամսում որոշակի խնդիրներ են առաջ եկել ԱՊՀ երկրներ հայկական ապրանքների արտահանման առումով: Հայաստանից վերջին երկու ամսում արտահանվել է ընդամենը 163 միլիոն դոլարի ապրանք, որից միայն 7.5 տոկոսն է բաժին ընկել ԱՊՀ երկրներին: Նա ընդգծեց, որ դրա հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի կրած տնտեսական դժվարություններն են, որոնք բացասաբար են անդրադարձել նաև Հայաստանի տնտեսության վրա: