Արմեն Աշոտյանն պատասխանեց «Ամենախելացին» հեռուստանախագծի մասնակիցների հարցերին
Society«Ամենախելացին» հեռուստատեսային հաղորդման նպատակն է ցույց տալ, որ մեր երեխաները, բացի սովորելուց, կյանքում հաջողության հասնելու համար այլընտրանք չունեն: Այս մասին ապրիլի 13-ին «Ամենախելացին» հեռուստանախագծի 12-13 տարեկանների խմբի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Որքան շատ լինեն մերօրյա հերոսներն իրենց տեղում, այնքան մենք ավելի արագ կհասնենք մեր նպատակին և կբարձրացնենք գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը: Բազմաթիվ արձագանքների շնորհիվ մենք համոզվեցինք, որ հաջողվեց հարուցել հեռուստատդիտողների հետաքրքրությունը ինտելեկտուալ խաղերի հանդեպ: Ստանում եմ գրառումներ և նամակներ, որտեղ պահանջում են, որ այս հաղորդումը երկար գործի: Շատ քիչ հեռուստահաղորդումներ կան այսօր հայկական հեռուստատեսության պատմության մեջ, որոնք տևում են այդքան երկար և դիտարժան են մինչև վերջին պահը», - նշեց Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում երեխաները հնարավորություն ստացան հարցերով և իրենց առաջարկներով դիմել նախարարին: Առաջարկներից մեկն էր IQ թեստերով բացահայտել տաղանդավոր երեխաներին, որպեսզի կիրառվեն նրանց առաջխաղացման միջոցներ: Աշակերտներին նաև հուզում էր տասներկուամյա կրթական ուսուցման համակարգի և տասը բալանոց գնահատման համակարգի անցման պատճառները, բուհական համակարգում կիրառվող նորարարությունները, որոնք թույլ կտան բարձրացնել հայաստանյան բուհերում ուսուցման որակը, ինչպես նաև դասական գրականության վերահրատարակումների փոքր թիվը: Աշակերտներից մեկը բարձրացրեց հարց՝ դասագրքերում անլուծելի վարժությունների և առկա վրիպակների վերաբերյալ:
«Իմ կրտսեր որդուն օրեր առաջ օգնում էի դասապատրաստում կատարել, սակայն այնտեղ կար մի վարժություն, որը լուծել չկարողացավ ոչ միայն նա, այլ նաև ես: Պարզվեց, որ վրիպակ է տեղի ունեցել: Դրանից խուսափել չի լինի: Անգամ Խորհրդային Միության տարիների դասագրքերում վրիպակներ էին լինում: Նույնիսկ Սովետական հանրագիտարանի մեջ, որը շատ թանկ էր և դժվար էր այն հայթայթել, առկա էր վրիպակների ցանկ», - ասաց Արմեն Աշոտյանը:
Երեխաներին նաև հուզում էր դպրոցների ուսուցիչների տարիքային խնդիրը, երբ մեծամասնություն են կազմում տարիքով ուսուցիչները, այն դեպքում, երբ յուրաքանչյուր տարի շրջանավարտ են դառնում բազում ապագա ուսուցիչներ: Այդ հարցին ԿԳ նախարարը պատասխանեց, որ տարիքով ուսուցիչների փորձը անհամեմատելի է երիտասարդների փորձից, և համաձայնեց, որ երբեմն երիտասարդները աչքի են ընկում ավելի թարմ գիտելիքներով և նյութի ավելի հետաքրքիր մատուցմամբ: Այդ առումով Աշոտյանը նշեց, որ կարևորվում է ոչ թե տարիքը, այլ մասնագիտական կարողությունը:
Վերջում Արմեն Աշոտյանը կոչ արեց երեխաներին ավելի շատ կարդալ գեղարվեստական գրականություն, որը օգնում է մարդու, որպես անհատի, զարգացմանը և կայացմանը: