Նարեկ Դուրյանը «Օպերացիա Նեմեսիս» -ը կներկայացնի Ցեղասպանության տարելիցին ընդառաջ
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Նարեկ Դուրյանը հանրությանը կրկին կներկայացնի «Օպերացիա Նեմեսիս» դրաման: Ինչպես տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, ներկայացումները տեղի կունենան Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի շենքում ապրիլի 18-ից մինչև ապրիլի 24-ը:
«Օպերացիա Նեմեսիս» ներկայացման հիմքում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն է և Մեծ եղեռնի թեման, բայց այստեղ շեշտը դրված է ոչ թե սգի, այլ հերոսական գաղափարի վրա: Ոճրագործները իրենց իսկ երկրում դատապարտված լինելով մահապատժի՝ այնուամենայնիվ, կարողանում են փախչել և թաքնվել եվրոպական տարբեր երկրներում, իսկ «Օպերացիա Նեմեսիս» գործողության հերոսները ընդամենը ավարտին են հասցնում չկայացած պատիժը:
Ներկայացումը հետաքրքիր է նաև նրանով, որ միաժամանակ տարբեր դարաշրջաններ է ներառում: Սողոմոն Թեհլերյանի կերպարը մարմնավորում է դերասան Ավո Խալաթյանը: «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումն արդեն 3 տարի է, ինչ հանձնվել է հանդիսատեսի դատին: