Քիմ Քարդաշյանի բազմամիլիոն հետևորդների դեպի Հայաստան հոսքը նկատելի կլինի գալիք տարիներին
SocietyՔիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի` Հայաստանի այցի արդյունքները նկատելիորեն տեսանելի կլինեն գալիք տարիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցելությունը շատ բարձր եմ գնահատում: Դրանով շեշտադրվեց, որ նա իր ժողովրդի կողքին է: Նրա միջոցով մեր երկիրը նաև իր զբոսաշրջային հնարավորություններով բազմամիլիոն լսարանին ներկայանալու առիթ ունեցավ: Դա կնպաստի նրան, որ այս տարի այցելությունների որոշակի աճ կգրանցվի, բայց հաջորդող տարիներին այցելություններն ավելին կլինեն. զբոսաշրջիկներն սկզբում տեղեկանում են, պլանավորում են, իսկ հաջորդող տարիներին այցելում»,- ասաց պաշտոնյան:
Նա հիշեցրեց, որ, հաշվի առնելով մի շարք ցուցանիշներ, տարեսկզբին կանխատեսել են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի 10 տոկոսի աճ` չհաշված Ցեղապանության 100-րդ տարելիցի օրերի այցելությունները:
Անդրադառնալով Վատիկանում մատուցված պատարագին և Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությանը` Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այն ունի համամարդկային նշանակություն, բայց դա չպետք է ուղղակիորեն կապել զբոսաշրջության վրա ազդեցության հետ: «Մեր զբոսաշրջային պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է համաշխարհային շուկայում Հայաստանն ավելի ու ավելի ճանաչելի դարձնելը:, Մենք պետք է զբոսաշրջային առումով աշխարհին ներկայանանք ոչ որպես ցեղասպանություն ապրած կամ այլ ողբերգություններ տեսած ժողովուրդ, այլ որպես վերածնունդ ապրած, որպես ներդրումների, ձեռնարկատիրական գործունեության, զբոսաշրջության համար բարենպաստ, գրավիչ երկիր, որտեղ ապրում է հիասքանչ ժողովուրդ` բարի, լեգենդար հյուընկալությամբ օժտված: Դրա համար այստեղ պետք է տարանջատենք Հռոմի պապի հայտարարությունը, որը, սակայն, շատ կարևոր նշանակություն ուներ մեզ ու համայն մարդկության համար»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը:
Զբոսաշրջության վարչության պետը խոսեց նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից Հայաստանի վերաբերյալ ֆիլմերի ստեղծման մասին` նշելով, որ այդ միջոցառումները համակարգված ձևով շարունակվում են: «Շատ կարևոր հեռուստաալիքներ անդրադարձել են Հայաստանին: Դա CNN-ի անդրադարձն է, National Geographic-ն է նկարահանել ֆիլմ` «Առաքյալների ուղին», որտեղ Հայաստանի հատվածը կա: Travel Channel-ը ֆիլմ է նկարահանել Հայաստանում: Բազմաթիբվ լրագրողներ, զբոսաշրջային օպերատորներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից եղե լ են Հայաստանում, բավականաչափ միջոցառումներ են իրականացվել: Միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքը մրցունակ դարձնելու համալիր քայլերը շարունակվում են»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը: