Ի՞նչ չարաշահումներ կան ավիատոմսերի շուկայում
SocietyԱպրիլի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ավիատոմսերի շուկայում առկա են լուրջ չարաշահումներ,-հայտնում է Orer.am-ը:
Ըստ նրա՝ մարդիկ շատ դեպքերում չեն կարողանում վերադարձնել իրենց տոմսերը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպությանը եղել է ահազանգ և բողոք, որի հետքերով նրանք գնացել են:
Բաբկեն Պիպոյանը նշում է, որ կա միջազգային օպերատոր, հատկապես չարտերային թռիչքների դեպքում, ով փաթեթը վաճառում է տուրօպերատորին, վերջինս էլ իր հերթին փաթեթները բաժանում է տուրգործակալություններին, որոնց հետ շփվում է սպառողը:
Ըստ բանախոսի՝ երբ քաղաքացին ցանկանում է վերադարձնել տոմսը, հայաստանյան տուրօպերատորները հրաժարվում են այն ընդունել, պատճառաբանելով, որ իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել:
Պիպոյանի խոսքով՝ չարաշահումները լինում են վերջին երկու օղակներում, երբ տուրօպերատորն ու տուրգործակալությունը հրաժարվում են հետ վերցնել տոմսերն այն դեպքում, երբ միջազգային օպերատորը դրա համար շատ հաճախ նշում է, որ տոմսերը կարելի է վերադարձնել թռիչքից չորս օր առաջ:
«Տուրօպերատորն իր հերթին խստացնում է ժամկետը, տուրգործակալություն էլ իր 15 դոլարը չկորցնելու համար ասում է՝ ես իրավունք չունեմ տոմսը հետ վերցնել: Չկա օրենսդրություն այն մասին, թե ինչ պայմաններ իրավունք ունի դնելու տուրօպերատորը»,-հավելում է Բաբկեն Պիպոյանը:
Բ.Պիպոյանի պնդմամբ ոտնահարվում է օդային սպառողի իրավունքը, որը սկսվում է տոմս գնելու պահից: Նա նշում է, որ այս ոլորտում օրենսդրության մեծ բացեր կան: