«Ձեզ համար, կանայք» ծրագրով երևանաբնակ 30 հազարից ավելի կանայք ստացել են անվճար բուժսպասարկում
SocietyՊոլիկլինիկաներում կանանց անվճար սպասարկման «Ձեզ համար, կանայք» ծրագրից այս տարի օգտվել է մայրաքաղաքում բնակվող 30 հազար 90 կին: Երևանի քաղաքապետարանի իրականացրած ծրագրի ամփոփմանը նվիրված ասուլիսին հայտնեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
«Ակցիայի շրջանակներում մարտի 8-ից ապրիլի 7-ը պոլիկլինիկաներ դիմած 30 հազար 90 կանանցից հետազոտության են ենթարկվել 22 հազար 593-ը, վիրահատության են ուղեգրվել՝ 1481-ը, վահանաձև գեղձի հետազոտություն են անցել՝ 2591-ը, և համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններից է օգտվել 137 կին», - ասաց Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ բժշկական կենտրոններ դիմած կանանց թիվը բարեգործական ծրագրի շրջանակներում կազմել է 5 հազար 311, որոնցից ընդհանուր հետազոտություն են անցել 4884-ը, այս պահին վիրահատվել են 670-ը, որոնցից ընդհանուր վիրաբուժական վիրահատման են ենթարկվել 202 կանայք, գինեկոլոգիական վիրահատության՝ 186, ակնաբուժական՝ 282: Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն է անցել 960 կին, իսկ վահանաձև գեղձի հորմոնալ հետազոտություն՝ 1069:
«Այս պահին դեռ 395 կին հերթագրված է վիրահատության համար, քանի որ մեծ հերթ էր գոյացել, սակայն քաղաքապետի հանրձնարարականի համաձայն՝ առաջիկա 1-1,4 ամսվա ընթացքում բոլոր վիրահատությունները կիրականացվեն», - հավելեց Դավիթ Օհանյանը:
Քազաքապետի օգնականը կարծիք արտահայտեց, որ, դատելով տարիների ընթացքում ակցիային մասնակցող կանանց թվից, կարելի է եզրակացնել, որ ազգաբնակչությունը սկսել է վստահել պոլիկլինիկաներին վստահելուն: Եթե 2013 թ. ծրագրից օտվել էր 5 հազար 371 կին, ապա 2014թ.՝ 26 հազար 144:
Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 9-ից ապրիլի 7-ն իրականացվող՝ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան այս տարի ներառում էր 5 ուղղություն՝ աչքի, գինեկոլոգիական հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություն, ընդհանուր վիրաբուժություն, համակարգչային տոմոգրաֆիա և վահանաձև գեղձի հետազոտություններ։